пятница, 27 ноября 2015 г.

Սահմանադրական փոփոխություններին ընդառաջ

Սահմանադրական փոփոխություններին ընդառաջ, Մխիթար Սեբեաստացի կրթահամալիրի Քաղաքացիական կրթության և հանրային կապերի ուսումնական կենտրոնը, ներկայացնում է դիտարկումներ, որոնք առնչվում են ներկայացված նախագծին: Սույն դիտարկումները նպատակ են հետապնդում բարձրացնել սովորողների, դասավանդողների, ծնողների և այլ շահառուների իրազեկման աստիճանը:

Նախագծի վրա աշխատում են Վանիկ Գաբրիելյանը և կրթահամալիրի վարժարանի 11-րդ դասարանի սովորողները:


Սահմանադրության դիտարկումներ

Մինչ նոր Սահմանադրության դիտարկումներին անդրադառնալը փաստենք հետևյալը, որ 2013թ նախագահական ընտրություններում որևէ դրույթ կամ կետ չկար Սահմանադրության փոփոխման մասին, այնինչ սա շատ կարևոր փոփոխություն է, ինչը հանգեցնում է երկրի կառավարման ձևի փոփոխմանը։ Փաստենք նաև այն հանգամանքը, որ որևէ աշխարհաքաղաքական այնպիսի փոփոխություն տեղի չի ունեցել, որ օրախնդիր լիներ վերոնշյալ փեփոխությունը։
Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի հիմքը հանդիսանում է Սահմանադրությունը, այլ կերպ ասած` երկրի հիմնական օրենքը, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը։ (Սահմանադրության 6-րդ հոդված)
Սահմանադրությունն ինքնին գաղափարաբանական և արժեքաբանական փաստաթուղթ է, որը սահմանում է հասարակության և պետության կազմակերպման հիմնական սկզբունքները:
Այլ կերպ ասած, Սահմանադրությունը համաձայնություն է հասարակության և պետության միջև` հասարակական հարաբերությունների կարգավորման մասին, որոնց գործնական կիրառմանը և ամրապնդմանը պետք է ձգտի պետությունը։
Սահմանադրության ամենակարևորագույն խնդիրն է երաշխավորել մարդու հիմնական իրավունքները և հստակորեն ամրագրել պետական իշխանության մարմինների համակարգը` վերջիններիս իրավասություններով ու պարտականություններով հանդերձ:
Կա արդյո՞ք նոր Սահմանադրության անհրաժեշտություն։
Մեր խորին համոզմամբ չկա, հակառակը` սահմանադրության փոփոխության փոխարեն անհրաժեշտ է երկրում հաստատել սահմանադրականություն և ամրապնդել այն, այսինքն` գործող սահմանադրությունը պետք է գործի լիովին ու ամբողջովին, որպեսզի հնարավոր լինի գնահատել դրա արդյունավետությունը:
Որքանո՞վ է արդարացված ներկա պահին կառավարման պառլամենտական ձևի անցումը, այն էլ այն պարագայում, երբ չունենք զարգացած կուսակցական համակարգ։ Որպես կանոն պառլամենտական կառավարման ձևի պետությունները, դրանք զարգացած, երկար տարիներ պետականություն ունեցող, կառավարման կայուն մեխանիզմ ունեցող երկրներն են։
Հարցերի շարանը տրամաբանական հետևյալ շարունակությանն է հանգում, որքանո՞վ
 հասարակ քաղաքացուն վստահություն առ այն, որ երկրի  ղեկը՝որպես կուսակցական, քաղաքական գործչի, չի հայտնվի այսօրվա խորհրդարանի քրեական հեղինակություն հանդիսացող կիսագրագետ՝լավագույն դեպքում, պատգամավորների ձեռքում։
Ընդհանրապես,  որևէ օրենք կամ առավել ևս սահմանադրություն նորով փոխարինելու պարագայում հանրությանը հստակ պետք է ցույց տրվեն գործողի այն էական թերությունները որոնց պայմաններում հասարակական առաջընթացն ուղղակի անհնար է և դրա պատճառը միմիայն նշված սահմանադրությունը կամ օրենքն է։ Այս պարագայում դա բացակայում է։ Ասվածի վառ օրինակ առաջինը կարելի է նշել գործող սահմանադրության 65-րդ հոդվածը, ըստ որի՝ պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից։ Համանման պահանջ է սահմանում նաև Սահմանադրության 88-րդ հոդվածը՝ կառավարության անդամի համար, 98-րդ հոդվածը՝ դատավորի համար և այլն։ Գալով իրական կյանք՝ մենք տեսնում ենք այս հոդվածների կոպիտ խախտման բազմաթիվ դեպքեր, որը անթաքույց խրախուսվում է իշխանությունների կողմից որոշակի բացառություններով։
Մեր դիտարկմամբ  Սահմանադրության նախագծի մեջ տեղ գտած առավել ցայտուն դրույթներից մեկը հոդված 23-ի նման ձևակերպումն է։
Նախագծի 23-րդ հոդվածն ամրագրում է մարդու ամենակարևոր հիմնական իրավունքը՝ արժանապատվության իրավունքը։ Եվ պատահական չէ, որ մարդու հիմնական իրավունքների գլուխն սկսվում է հենց այդ նորմով։ Մարդու արժանապատվությունը սահմանադրության բարձրագույն բարիքն է: Այն սահմանադրության արժեհամակարգի առանցքն է և բոլոր հիմնական իրավունքների հիմքը (նախագծի 3-րդ հոդ1-ին մասի 2-րդ նախադասություն), որոնք իրենց հերթին կոնկրետացնում են մարդու արժանապատվության իրավունքը։ Ըստ նախագծի 23-րդ հոդվածի ձևակերպման՝ «Մարդու արժանապատվությունն անխախտելի է»: Առաջին հայացքից շատ նորմալ թվացող այս ձևակերպումն իրականում շատ վտանգավոր է ու հետևաբար՝ անթույլատրելի։ Խնդրի էությունը հետևյալն է։
Այսպես, հիմնական իրավունքները սահմանափակում են պետությանը (նախագծի 3-րդ հոդ3-րդ մաս)։ Դա նշանակում է, որ պետությունն իր գործունեության ընթացքում պետք է միշտ հաշվի նստի հիմնական իրավունքների հետ, այսինքն՝ հաշվի առնի դրանց պահանջները և չխախտի դրանք։ Հիմնական իրավունքները չխախտելու պահանջն արդեն նշանակում է, որ բոլոր հիմնական իրավունքներն անխախտելի են, այն է՝ ոչ մի պարագայում պետությունը դրանք խախտել չի կարող։ Սակայն հիմնական իրավունքները կարող են սահմանադրությամբ նախատեսված դեպքերում ու կարգով սահմանափակվել պետության կողմից։ Եվ հիմնական իրավունքների սահմանափակումը չի նշանակում դրանց խախտում, քանի դեռ պետությունը դրանք սահմանափակելիս պահպանել է սահմանադրությամբ դրանց սահմանափակման համար սահմանված պահանջները։ Ավելի պարզ ասած՝ հիմնական իրավունքները չեն խախտվում, եթե պետությունը դրանք սահմանափակում է սահմանադրության պահանջներին համապատասխան։ Այստեղից  տրամաբանորեն բխում է, որ հիմնական իրավունքները խախտվում են միայն այն դեպքում, երբ պետությունը դրանք սահմանափակում է՝ չունենալով դրա համար սահմանադրաիրավական որևէ արդարացում։
Իրավաբանական գիտության մեջ և դատական պրակտիկայում գերիշխող կարծիքի համաձայն՝ մարդու արժանապատվության իրավունքը, ի տարբերություն մյուս բոլոր հիմնական իրավունքների, չի կարելի անգամ սահմանափակել։ Պետության կողմից մարդու արժանապատվության իրավունքի նկատմամբ ցանկացած միջամտություն միաժամանակ դրա խախտում է: Դա բխում է նրանից, որ մարդու արժանապատվությունը ազատախոհ ժողովրդավարությունում բարձրագույն արժեք է, ինչպես դա ամրագրված է նախագծի 3-րդ հոդ1-ին մասում, և այդ պատճառով չի կարող սահմանափակվել ո՛չ այլոց հիմնական իրավունքներով, ո՛չ սահմանադրորեն ամրագրված այլ արժեքներով: Այսպիսով, քանի որ մարդու արժանապատվությունը նույնիսկ սահմանափակել չի կարելի որևէ պարագայում, ուստի այն ոչ միայն անխախտելի է, ինչպես ամրագրված է նախագծի 23-րդ հոդվածում, այլ այն ուղղակի «անձեռնմխելի»  է։ Անթույլատրելի ու հակասահմանադրական է նրա նկատմամբ ցանկացած միջամտություն: Այս հիմքով արգելվում է նաև կյանքի ու արժանապատվության հավասարեցումը: Կյանքի նկատմամբ միջամտությունը ծայրահեղ հանգամանքներում կարելի է արդարացնել /օրինակ՝ ահաբեկիչներին բռնելիս ոստիկանների կողմից նրանց մահացու վիրավորելը/, բայց մարդու արժանապատվության նկատմամբ միջամտությունը երբեք, ոչ մի պարագայում որևէ արդարացում չունի: Ցանկացած միջամտություն միաժամանակ դրա խախտում է։ Հետևաբար, նախագծի 23-րդ հոդվածի ձևակերպման մեջ «անխախտելի» հասկացությունը կարելի է փոխարինել «անձեռնմխելի» հասկացությամբ։
Ներկա աշխարհաքաղաքական իրադարձություններից ելնելով, անթույլատրելի ենք համարում նաև Սահմանադրության 41-րդ հոդվածի 3-րդ կետը՝  հետևյալ խմբագրմամբ։
Հոդված 31. Մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիությունը
1. Յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք:
2. Մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանցագործությունների կանխման կամ բացահայտման, երկրի տնտեսական բարեկեցության, պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության, ինչպես նաև այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
Ակնհայտ է, որ վկայակոչված հոդվածից դուրս է մնացել գործող Սահմանադրության 23-րդ հոդվածում առկա՝ «Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով, դատարանի որոշմամբ»: Նախագծի առաջարկվող հոդվածը բավականին լայն հնարավորություն է տալիս իշխանություններին միջամտելու անձի մասնավոր և ընտանեկան կյանքի իրավունքի իրացմանն առանց դատարանի որոշման և այն հիմնավորել այնպիսի հասկացություններով ինչպիսիք են՝ երկրի տնտեսական բարեկեցությունը, առողջությունը և բարոյականությունը, հասկացություններ, որոնք իշխանությունների մոտ կարող է տարբեր կերպ ընկալվել, և քանի որ այս պարագայում Նախագիծը հնարավորություն է տալիս առանց դատարանի որոշման միջամտել անձի մասնավոր և ընտանեկան կյանքին, ապա խումբը գտնում է, որ նշված հոդվածը լի է անկանխատեսելի հետևանքներով և հետընթաց է գործող Սահմանադրության համեմատությամբ։
Հոդված 41. Մտքի, խղճի եւ կրոնի ազատությունը
3. Յուրաքանչյուր քաղաքացի, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակաuում է զինվորական ծառայությունը, ունի օրենքով սահմանված կարգով այն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու իրավունք:
Այս կետը համարում ենք նաև ազգային անվտանգությանը սպառնացող դրույթ։
Խումբն արձանագրում է, որ որևէ օրենք կամ առավել ևս սահմանադրություն նորով փոխարինելու պարագայում հանրությանը հստակ պետք է ցույց տրվեն գործողի այն էական թերությունները որոնց պայմաններում հասարակական առաջընթացն ուղղակի անհնար է և դրա պատճառը միմիայն նշված սահմանադրությունը կամ օրենքն է։
Աժ-ի գործունեության կարգի հետ կապված խնդրահարույց են հետևյալ դրույթները։
Հոդված 89. Ազգային ժողովի կազմը եւ ընտրության կարգը
1. Ազգային ժողովը կազմված է առնվազն հարյուր մեկ պատգամավորից:
2. Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին:
3. Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով: Ընտրական օրենսգիրքը երաշխավորում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձեւավորումը: Եթե ընտրության արդյունքով կամ քաղաքական կոալիցիա կազմելու միջոցով կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձեւավորվում, ապա կարող է անցկացվել ընտրության երկրորդ փուլ: Երկրորդ փուլի անցկացման դեպքում թույլատրվում է նոր դաշինքների ձեւավորումը: Քաղաքական կոալիցիա կազմելու սահմանափակումները, պայմանները եւ կարգը սահմանվում են Ընտրական օրենսգրքով:
(Կայուն խորհրդարանական մեծամասնությունը ենթադրում է իշխանության բացարձակեցում մեկ կուսակցական ուժի կոմից)։
Հոդված 94. Ներկայացուցչական մանդատը
Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով:
(Ամբողջ ժողովրդին ներկայացնել ձևակերպումը ենթադրում է ուղղակի պատասխանատվության թուլացում։)
Հոդված 190. Համայնքների միավորումը եւ բաժանումը
Հանրային շահերից ելնելով՝ համայնքները կարող են օրենքով միավորվել կամ բաժանվել։ Ազգային ժողովը համապատասխան օրենք ընդունելիս պարտավոր է լսել այդ համայնքների կարծիքը։
(Գործող Սահմանադրության մեջ նույն խնդիրը կարգավորվում էր տեղական հանրաքվեի միջոցով)։


Комментариев нет:

Отправить комментарий